Sunday, January 13, 2013

Ռոբերտ Արզումանյան. «Երբ մեծանում ես, շատ դժվարությունների մատերի արանքով ես նայում» (մաս 2-րդ)

Նոր տարուց ժամեր առաջ մեր iSport.AM կայքի երիտասարդ լրագրող Գագիկ Սմբատյանի հյուրը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու և ռուսական «ԲՄԱ-Էներգիա» ակումբի 27-ամյա կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանն էր: Տիտղոսակիր խաղացողը սիրով շարունակում է պատմել ոչ միայն իր ձեռքբերումների, հաջողությունների ու սպասելիքների մասին, այլև թե ինչու ինքը չի հավատում Ձմեռ պապի գոյությանը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույցի 2-րդ` վերջին մասը:
Հուսանք` 1-ին մասն արդեն կարդացել եք: 
- «Փյունիկի» կազմում մանկապատանեկան թիմերից սկսած մասնակցել եք մոտ 90 հանդիպման` հեղինակելով 10 գոլ: Ի՞նչ արդյունք է սա Ձեզ համար, չէ՞ որ որպես կենտրոնական պաշտպան եք խաղում:
- Ինձ թվում է, որ լավ արդյունք է: Իհարկե, պաշտպաններ կան ավելի շատ գոլեր են խփում: Հիմնականում նրանք իրացնում են 11 մերտանոց ու այլ տուգանային հարվածներ: Ես չեմ իրացնում ո՛չ 11 մետրանոց, ո՛չ տուգանային հարված, բայց համարում եմ դա լավ արդյունք, քանի որ այդ ժամանակ ավելի երիտասարդ էի ու ինձ համար մի քիչ, այսպես ասած, դժվար էր հավատալ, որ կարող եմ գոլ խփել մեծերի հետ խաղերում: Այդ ամենը հաշվի առնելով` արդյունքը գոհացնող է: Այժմ ավելի հասուն եմ ու եթե խաղայի Հայաստանում, գուցե մտածեի, որ շատ քիչ է:
- Ժամանակին նշել էիք, որ Ձեր խաղային առանձնահատկություններից մեկը արագությունն է և «ներքևում» լավ կողմնորոշվելու ունակությունը: Այժմ, երբ 27 տարեկան եք, այսինքն` Ձեր կարիերայի գուցե լավագույն տարիներն են հիմա, որոնք են Ձեր խաղային առանձնահատկությունները:
- Միանշանակ, կարիերաս ծաղկման փուլում է: Խաղալով տարբեր թիմերում` տակտիկապես այսօր ավելի գրագետ եմ, կարողանում եմ գնահատել պահը, խաղային լավագույն դիրքն ավելի հեշտ եմ որոշում: Մոտ 15-16 մարզիչների հետ եմ աշխատել, սովորել եմ ֆուտբոլ ճիշտ խաղալ: Ճիշտ է` շատ կարևոր է, որ պաշտպանն ունենա արագություն, բայց այսօր պաշտպաններ կան, ովքեր թեև մի քիչ դանդաղ են կամ տեխնիկան նրանց մոտ թույլ է, բայց լավ են խաղում. կենտրոնական պաշտպանի համար ամենից կարևորը ճիշտ ու գրագետ դիրք ընտրելն է, տակտիկապես գրագետ խաղալը, անհրաժեշտ պահին խաղընկերներին հուշելը:
- Հուշելու հետ կապված մեկ հարց. հավաքականում Ձեր խաղընկերները զգալիորեն ավելի երիտասարդ են ու, կարելի է ասել, Ռոման Բերեզովսկու հետ Դուք եք թիմի լիդերը հանդիսանում: Մեր ընտրանու պաշտպանությունում այսօր 21-22 տարեկան տղաների կողքին եք խաղում: Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք նույն ամպլուա ունեցող թիմակիցների հետ: Որպես ավելի ավագ՝ ինչ-որ կերպով նրանց օգնո՞ւմ եք կամ գո՞ւցե խորհուրդներ եք տալիս:
- Այսօրվա հավաքականն այնպիսին է, որ բոլորս երիտասարդ ենք, քաշվելու կամ ամաչելու բան չկա: Հիշում եմ` այն ժամանակ, երբ ես դեռ նոր էի միացել ընտրանուն, հիշում էի, որ տարիներ առաջ լուսանկարվել եմ Սարգիս Հովսեփյանի, Ռոման Բերեզովսկու ու Արմեն Շահգելդյանի հետ, իսկ հիմա նրանց հետ մի թիմում եմ խաղում: Սկզբում մի տեսակ չէի կարողանում իրենց հուշել: Նախ մտածում էի` իրենք ամեն ինչ գիտեն ու տարիքով են, ի՞նչ հուշեմ: Այսօրվա երիտասարդները գրեթե մի տարիքի են: Եկել են ազգային հավաքական երիտասարդականից, որտեղ միասին խաղացել են: Ֆուտբոլն այնպիսի սպորտ է, որ տարիքը կապ չունի, ու պետք է հուշես, որովհետև ամենափորձառուն անգամ կարող է ունենալ հուշման կարիք:
- Վերջին 2-3 տարիներին մեր հավաքականն ապացուցել է, որ այն կարծիքը, թե հայերը ֆուտբոլ խաղալ չգիտեն, սխալ է: Անշուշտ, դա ուրախալի է: 2014 թ-ին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու համար մեր ընտրանու շանսերը, Ձեր կարծիքով, բավարա՞ր են:
- Եթե մրցաշարային աղյուսակին չնայեինք, ապա մեզ կթվար, թե քիչ են այդ շանսերը, որովհետև երկու խաղ պարտվել ենք, բայց երբ նայում ենք ընդհանուր աղյուսակին ու մյուս թիմերի արդյունքներին, ապա տեսնում ենք, որ շատերը ոչ-ոքի են խաղացել ու միավորներ կորցրել: Սա նշանակում է, եթե մենք երկու խաղ հաղթենք, ապա շատ մեծ շանսեր կունենանք եզրափակիչ փուլ դուրս գալու և Բրազիլիա մեկնելու համար:
- Դժվարությունների, բնականաբար, հանդիպել եք: Այդ ժամանակ հիասթափություններ եղե՞լ են:
- Շատ են լինում այդպիսի պահերը, շատ-շատ: Ինձ թվում է` յուրաքանչյուր ֆուտբոլիստի մոտ էլ լինում են նման պահեր: Անգամ Լեո Մեսսիի մոտ էլ կարող է նման վիճակ լինել, որովհետև ֆուտբոլն ամենօրյա մարզում է, ֆուտբոլ ամեն շաբաթ խաղում ենք, տարբեր մարդկանց հետ ենք հանդիպում: Հիասթափություններ կարող են լինել, բայց դա ֆուտբոլի մի մասն է, մեր կյանքի մի մասը, որ պետք է հաղթահարել: Երբ մեծանում ես, շատ դժվարությունների մատերի արանքով ես նայում:
- Ռոբերտ Արզումանյան ֆուտբոլիստը ինչո՞վ է տարբերվում Ռոբերտ Արզումանյան մարդուց: Ֆուտբոլից դուրս ի՞նչ հետաքրքրություններ ունեք:
- Ժամանակին հետաքրքրություն չէ, կարելի է ասել մասնագիտություն էի ընտրել և ուզում էի տնտեսագետ լինել, սովորում էի: Չգիտեմ, հիմա արդեն կողմնակի հետաքրքրություններն ավելի են քչացել, հիմնականում ֆուտբոլն է: Ֆուտբոլիստի առօրյան այնպիսին է, որ նա միշտ պարապում է, ուզում է ծանր խաղերից ու դժվարին մարզումներից հետո հանգստանալ ընկերների, ընտանիքի, մտերիմների հետ: Հիմանականում դա է, որ անում ենք: Աշխատում եմ հանգստանալ, վերականգնվել: Երբեմն հատուկենտ ֆիլմեր եմ դիտում, նաև օգտվում համացանցից:
- Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո կզբաղվե՞ք տնտեսագիտությամբ: Ձեր մասնագիտությունը կօգնի՞ Ձեզ հետագայում:
- Չեմ կարծում, որ հատուկ այդ մասնագիտությամբ ինչ-որ մի տեղ պիտի աշխատեմ, որովհետև, անկեղծ ասեմ, լավ չեմ ուսումնասիրել, լավ չեմ սովորել մասնագիտությունս: Իհարկե, ինչ-որ բազա ունեմ: Հնարավոր է, որ հետագայում եթե ցանկանամ խորանալ, ավելի լավ ուսումնասիրեմ տնտեսագիտությունը, հետո էլ աշխատեմ: Չեմ բացառում:
- Երկրպագուների մասին կխոսե՞ք: Ովքե՞ր են նրանք: Ինչպե՞ս եք գնահատում նրանց դերը խաղի ժամանակ:
- Երկրպագուները ֆուտբոլում ամենամեծ բաղկացուցիչն են, որովհետև առանց նրանց խաղը կդառնա մարզում: Երկրպագուները ուժ են տալիս, ու ֆուտբլիստներն իրենց համար են խաղում: Երկրպագուները հետաքրքիր են դարձնում այս մարզաձևը:
- Երկրպագուների հետ պատրա՞ստ եք ազատ շփվել, ընկերանալ:
- Ես սովորական մարդ եմ, այդպիսի բաժանումներ չեմ դնում: Ի՞նչ տարբերություն երկրպագու է ընկերդ, թե ոչ: Դրա մեջ ի՞նչ կա:
- Երբ երկրպագուները մարզաշապիկ են խնդրում, տալի՞ս եք:
- Իհարկե, տալիս եմ: Մի ժամանակ ավելի շատ էի մարզաշապիկներ տալիս, նույնիսկ տրիբունա էի նետում: Ընկերներս, բարեկամներս անգամ նեղանում են, որ իրենց չեմ տալիս: Այժմ հիմնականում հենց իրենց եմ տալիս: Ինքս իմ մարզաշապիկներից գրեթե չունեմ: Այս մեկը, որ այժմ կրում եմ ու եկել եմ հարցազրույցի, տվել է հարևանս: Խդրել եմ, որ ժամանակավոր ինձ տրամադրի (ծիծաղում է):
- Համակարգչային խաղերից օգտվո՞ւմ եք, hատկապես «FIFA» կամ «PES» խաղերից:
- Մի ժամանակ դեռ Դանիայում Յուրայի հետ էի շատ խաղում:
- «FIFA»-ում Դուք կաք: Ձեզնով փորձե՞լ եք խաղալ:
- Ինքս ինձնով չէի խաղում, որովհետև ես այդքան էլ լավ չեմ «FIFA» խաղում: Մի քիչ ավելի ուժեղ թիմեր էի ընտրում, որ գոնե հաղթեմ:
- Ազգային ընտրանու հավաքների ժամանակ ինչո՞վ եք լցնում ազատ ժամանակը:
- Հյուրանոցում հիմնականում «պարապ վախտի խաղալիքը» համացանցն է: Հետևում եմ լուրերին: Ոչ միայն մարզական լուրեր եմ կարդում, այլև զանազան ոլորտների զարգացումներին էլ եմ փորձում հետևել: Անգամ քաղաքական նյութեր եմ կարդում:
- Շա՞տ ժամանակ եք անցկացնում համակարգչի առջև:
- Չեմ կարծում, թե շատ եմ ժամանակ հատկացնում համակարգչին, քանի որ այդ ժամանակը գրեթե չի լինում:
- Ինչե՞ր եք կարդում ու ի՞նչ լեզվով:
- Լրահոսին եմ հետևում` կարդալով ամենատարբեր կայքերում առկա լուրերը: Անգլերեն գիտեմ, ռուսերեն շատ լավ հասկանում եմ ու խոսում: Լավ լեհերեն ու դաներեն եմ հասկանում, մի քիչ էլ կարող եմ խոսել, բացատրվել այդ լեզուներով:
Ինչո՞ւ Ձեր ներկայիս ակումբի պաշտոնական կայքում Ձեր պրոֆիլը չկա:
- Սկզբում ես էլ շատ զարմացա: Մեր ակումբի կայքում իմ պրոֆիլը չկա, որովհետև երբ նոր ֆուտբոլիստ է գալիս, նրա պրոֆիլը չեն ստեղծում կայքում: Այդ առումով այնտեղ մի քիչ վատ են աշխատում:
- Ի՞նչ տարբերություն եք նկատել ռուսական լիգայի և այն բոլոր առաջնությունների միջև, որտեղ խաղացել եք:
- Եվրոպան մնում է Եվրոպա: Այնտեղ երկրպագուներն են տարբերվում, ովքեր մինչև վերջին վայրկյանը թիմի հետ են` անկախ արդյունքից: Ռուսական լիգայում հայկական տարբերակն է. հանդիպման կեսին երկրպագուները կարող են լքել մարզադաշտը:
- Ո՞ւմ մոտ ավելի շատ կա պատասխանատվություն` սովորական մարդու, թե՞ ֆուտբոլիստի:
- Ես կասեի` մարզիկների մոտ կա մեծ պատասխանատվություն: Նա սովոր է ավելի կանոնակարգված լինել, ավելի պատասխանատու է: Ու դա տեղափոխվել է կյանք: Իր հերթին ֆուտբոլիստն ավելի շատ է պատասխանատվություն կրում, քան անհատական սպորտով զբաղվող մարզիկները, քանի որ ֆուտբոլը թիմային մարզաձև է. մեկ անհատական սխալը կարող է ողջ թիմի համար խնդիր ստեղծել:
- Արդեն Նոր տարի է: Տոնածառ երբևէ զարդարե՞լ եք այս տոների ընթացքում:
- Վերջին անգամ նման դեպք, կարելի է ասել, չեմ հիշում, քանի որ գուցե 10 տարեկան էի, երբ զարդարեցի իմ վերջին տոնածառը: Երբ մեծացա, այնքան էլ չսիրեցի այդ գործընթացը. կորավ տոնածառ զարդարելու սերը:
- Ձմեռային այս տոների հանդեպ ինչիպիսի՞ վերաբերմունք ունեք:
- Երբ մեծանում ես, մի տեսակ սովորական են դառնում բոլոր տոները: Ինձ համար ամենից սիրելի տոնը Զատիկն է, երբ ձու ենք ներկում: Այդպես ավելի հետաքրքիր է (ծիծաղում է):
- Ձմեռ պապի գոյությանը հավատո՞ւմ եք:
- Իհարկե, հավատում եմ: Դա՞ էլ հարց է (ծիծաղում է): Երևի մինչև 4-5 տարեկան հասակս եմ հավատացել նրա գոյությանը: Հետո արդեն այն ցնդել է:
- Նոր տարվա վերաբերյալ ի՞նչ բարեմաղթանք ունեք:
- Ոչ միայն ֆուտբոլիստներիս եմ ցանկանում, այլ բոլորին: Ուզում եմ, որ առողջ լինեն մարդիկ, քանի որ ամեն ինչ դրանից է գալիս: Մարդ կարող է, առողջություն ունենալով, լրիվ ուժով աշխատել: Հաջողություն ու մի քիչ էլ բախտ եմ ցանկանում: Ամեն ինչ հաստատ լավ կլինի:

Հարցազրույցի վերջում Ռոբերտ Արզումանյանը սիրով պատասխանեց նաև Գագիկ Սմբատյանի բլից հարցերին:

Սիրած երաժշտություն՝ լսում եմ ամեն ինչ. հայկական` շատ քիչ ու կախված տրամադրությունից, հիմնականում` արտասահմանյան:

Սիրած երգիչ` հատուկ այնպիսին չունեմ, որին նախընտրում եմ. մանուկ հասակում 2Pac-ին էի սիրում:
Սիրած ուտելիք՝ հայկական ու վրացական խոհանոց եմ սիրում, բայց ամեն ինչ էլ ուտում եմ:
Սիրած դերասան՝ Ջիմ Քերի, ինձ համար նա ամենից լավն է:
Սիրած գիրք` չունեմ այդպիսին, բայց վերջերս Դեյլ Քարնեգի էի կարդում:
Սիրած գրող՝ Հովհաննես Թումանյան, որովհետև նրա պատմվածքների ազդեցությամբ եմ մեծացել:

Հարցազրույցը վարեց ու պատրաստեց Գագիկ Սմբատյանը:
Լուսանկարները պատրաստեց Հարություն Ծատրյանը:

Ռոբերտ Արզումանյան. «Ինձ համար միշտ էլ առաջնայինը ֆուտբոլն է եղել» (մաս 1-ին)

Նորաբաց iSport.AM մարզական կայքը ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառով դեռ լիովին չի գործում, սակայն մեր կայքի լրագրողներն ակտիվորեն շարունակում են  հետաքրքիր հարցազրույցներ վարել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի փորձառու ու երիտասարդ մի շարք ֆուտբոլիստների հետ:
Նոր տարուց ժամեր առաջ մեր կայքի երիտասարդ լրագրող Գագիկ Սմբատյանի հյուրը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու և ռուսական «ԲՄԱ-Էներգիա» ակումբի 27-ամյա կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանն էր: Տիտղոսակիր խաղացողը սիրով համաձայնեց պատմել ոչ միայն իր ձեռքբերումների, հաջողությունների մասին, այլև մի շարք անակնկալ պատմություններ ներկայացրեց, որոնցից շատերը Ձեզ համար կարող են բավականին հաճելի անակնկալ ու բացահայտումներ դառնալ նոր տարում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույցի 1-ին մասը:


- Շուտով Ամանոր է: Այս նոր տարին Ձեր ընտանիքի՞ հետ եք դիմավորելու: Շա՞տ են եղել դեպքեր, երբ Ամանորն անցկացրել եք ընտանիքից հեռու: Կհիշե՞ք:
- Այդպիսի դեպք չի եղել: Միշտ էլ ընտանիքիս հետ եմ դիմավորել: Նոր տարվա գիշերը միշտ իրար հետ ենք լինում: Գուցե կեսգիշերն անց ինչ-որ մի տեղ գնամ ընկերներիս հետ:
- Որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ` ինչ-ինչ սահմանափակումները Ձեզ համար շատ են թե՛ սննդի, թե՛ այլ հարցերում: Կա՞ն արդյոք ուտելիքներ ավանդական, հայկական Ամանորի սեղանին, որ ստիպում են Ձեզ ինչ-որ չափով շեղվել հստակ սննդակարգից:
- Այդպիսի ուտելիք գոյություն չունի: Ճիշտն ասած, կան ուտելիքներ, որ աշխատում եմ շատ չուտել, բայց Նոր տարվա տոնն այնպիսի օր է, որ ամեն ինչ էլ ուտում ես սկսած խոզի բդից (ծիծաղում է):
- Սովորել եք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ու  դրան զուգահեռ միաժամանակ զբաղվել եք ֆուտբոլով: Ինչպե՞ս հասկացաք, որ ֆուտբոլն է Ձերը ու ոչ թե տնտեսագիտությունը:
- Իրականում միշտ ֆուտբոլն եմ ամենից ավելի շատ սիրել: Չնայած դպրոցում էլ լավ եմ սովորել, բայց ֆուտբոլը համատեղել եմ ուսմանս հետ: Երբ բուհ ընդունվեցի, կրկին ես շարունակում էի ֆուտբոլային կարիերաս: Իհարկե, արդեն ուսանողական տարիներին չէի հասցնում կանոնավոր հաճախել դասերի, նորմալ սովորեի: Ինձ ընդառաջում էին, բայց ինձ համար միշտ էլ առաջնայինը ֆուտբոլն է եղել: Այդ մասին ավելի հստակ հասկացել եմ 16-17 տարեկանում, ու որոշել եմ` պիտի ֆուտբոլիստ դառնամ: Մինչև դա ուղղակի էի զբաղվում. ժամանակն անցկացնում էի հաճույքի համար:
- Հավաքականում շատ են ֆուտբոլիստները, որոնց մոտ, կարելի է ասել, ֆուտբոլը «ընտանեկան» մասնագիտություն է: Ձեզ համար որպես օրինակ ինչ-որ մեկը եղել է ընտանիքից կամ բարեկամներից` նախադրյալ հանդիսանալով:
- Մեր ընտանիքում չի եղել ֆուտբոլիստ` ո՛չ հայրս, ո՛չ քեռիս, ո՛չ հորեղբայրս: Ոչ մի ֆուտբոլիստ չենք ունեցել ընտանիքում: Ինձ մեր հարևանն է սկզբից տարել ֆուտբոլի ու այդպես սկսվել է կարիերաս: Ինձ համար որպես օրինակ ծառայող ոչ մեկ չի եղել:
- Հավաքականի կազմում անցկացրած առաջին խաղն ու տպավորություններն այդ խաղի մասին կհիշե՞ք:
- Առաջին խաղը Քուվեյթի ընտրանու հետ էր 2005 թ-ին: 19 տարեկան էի, դեռ 20 էլ չէի եղել: Առաջինը սա էր, բայց ինձ համար ավելի տպավորիչ է եղել Հոլանդիայի ընտրանու հետ խաղը, որը ինձ համար 3-րդն էր, բայց էլի տպավորություններս մեծ էին:
- Չշեղվելով հավաքականի թեմայից՝ խոսենք ընկերությունից: Բոլորին հայտնի է Դավիթ Մանոյանի ու Լևոն Հայրապետյանի ընկերությունը: Ունե՞ք նման մի ընկեր մեր ընտրանու կազմում, ում հետ շատ մոտ եք:
- Բնականաբար, կան մոտ ընկերներ ու խոսքն իմ դեպքում ոչ թե մեկի, այլ մի քանիսի մասին է: Ես խաղացել եմ մեր հավաքականի առավել ավագ սերնդի ֆուտբոլիստների հետ, ովքեր այսօր արդեն չեն խաղում: Սարգիս Հովսեփյանն է եղել խաղընկերս: Միշտ էլ բոլորի հետ լավ հարաբերություններ եմ ունեցել: Այսօր էլ հավաքականից բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ, բայց երևի ավելի շատ Յուրա Մովսիսյանի, Հրայր Մկոյանի ու Հենրիխ Մխիթարյանի հետ եմ մոտիկ: Մի քանի ֆուտբոլիստներ կան, բայց որպես առավել մտերիմ մարդ կնշեի Յուրային, որովհետև նրա հետ խաղացել ենք նույն թիմում ու հասցրել ենք ավելի շատ շփվել:
- Լինելով շատ զբաղված` հասցնո՞ւմ եք ընկերներին ժամանակ տրամադրել: Ու ինչպե՞ս եք անցկացնում այդ ժամանակը: Գուցե ակումբնե՞ր եք գնում:
- Եթե այստեղ եմ լինում, անպայման ժամանակ գտնում եմ ընկերներիս համար: Երբ գալիս եմ այստեղ արձակուրդս վայելելու, բնականաբար ընկերների հետ շփվելու ժամանակն ավելի շատ է լինում: Ակումբներում երբեմն լինում եմ ընկերների հետ, բայց ոչ հաճախ:
- Երբ մեր ազգային հավաքականը հավաք է անցկացնում, և բաց մարզումներ են լինում, ֆուտբոլիստներ կան, որ մշտապես մարզումից հետո հանդիպում ու խոսում են նաև լրագրողներիս հետ: Ուշադրություն եմ դարձրել` Դուք վերջին մի քանի մարզումներին ու նաև նախկինում չեք խոսում: Կա՞ն հատուկ պատճառներ: Գո՞ւցե չեք ուզում լրագրողների հետ շփվել:
- Ինչ-որ պատճառներ չկան: Ուղղակի ես երևի մյուսների հետ համեմատած մի փոքր ավելի երկար եմ խաղացել: Իրենց համար երևի սա ավելի նոր է, ուզում են շփվել: Այդ գործընթացը գուցե իրենց համար շատ հետաքրքիր է: Մարդիկ գալիս են, ցանկանում լուսանկարվել: Ես դա հիմնականում չեմ սիրում, մանավանդ խաղերից առաջ, որովհետև միշտ նույն հարցերն են` ինչպե՞ս ենք, հաղթելո՞ւ ենք: Նմանատիպ հարցերը ես խաղից առաջ չեմ սիրում: Նման բաների մասին խոսել ևս չեմ սիրում, ավելի լավ է`  մտնես խաղադաշտ, խաղաս ու քո առջև դրված հստակ գործն անես:
- Խոսեցինք լուսանկարվելուց: Այս դեպքում անհնար է ուղղակի չասել, որ կան շատ երկրպագուհիներ, որոնց սիրելի ֆուտբոլիստը Դուք եք, ու նրանք Ձեզ սիրում են ոչ միայն որպես լավ ֆուտբոլիստի: Նրանց համար հետաքրքիր կլինի` ունե՞ք ընկերուհի կամ սիրած աղջիկ:
- Ուզում եմ ասել, որ արդեն ունեմ ընկերուհի: Մի ժամանակ կար, որ չունեի: Հիմա արդեն ունեմ, թող հանգիստ լինեն: Չգիտեմ, իրոք ինձ համար շատ հաճելի է, որ մեզ` ֆուտբոլիստներիս, սիրում են հատկապես մեր լավ խաղի համար: Հիմնականում հենց խաղի համար ավելի լավ կլիներ, որ սիրեն (ծիծաղում է): Ուշադրությունը մի քիչ պակաս էր մեր հանդեպ այն ժամանակ, իսկ հիմա շատ լավ է, որովհետև ֆուտբոլիստները զգում են, որ ժողովուրդը հետաքրքրված է իրենցով: Դա ավելի է պարտավորեցնում, ու ֆուտբոլիստն ավելի զգաստ է լինում խաղերի ժամանակ:
- Ազգային հավաքականի կազմում հեղինակել եք 4 գոլ: Երկու գնդակ խփել եք Պորտուգալիայի ու Իսպանիայի պես թիմերի դարպասներին: Այդ երկուսից ո՞րը կառանձնացնեք:
- Մի քիչ դժվար է: Ավելի շատ Պորտուգալիային խփածս գոլը կնշեի, որովհետև նախ դա, այսպես ասած, առաջին լուրջ թիմի դարպասը խփած գոլն էր, երկրորդն էլ միավոր վաստակեցինք: Այն, իրոք, հիշվում է: Իսպանիային խփած գոլս էլ կնշեի, որովհետև Իսպանիան արդեն այդ ժամանակ Եվրոպայի չեմպիոն էր դարձել, հետո նաև աշխարհի չեմպիոն դարձավ: Այդ առումով էլ դա շատ հիշվող գոլ է, թեև պարտվեցինք:

Դավիթ Մանոյան. «Կյանքիս 17 տարին անցկացրել եմ խաղալով և մարզվելով»


Թեև iSport.AM մարզական կայքը ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում, սակայն մեր կայքի լրագրողները շարունակում են բավականին հետաքրքիր հարցազրույցներ վարել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Վերջերս կայքի լրագրողուհի Քրիստինա Բոյաջյանը փորձել է բացահայտել Երևանի «Փյունիկի» առաջատար Դավիթ Մանոյանին:
Դիմանկարային այս հարցազրույց-ակնարկը հանձնում ենք Ձեր դատին հենց այսօր` Հին նոր տարվա օրը:

Երիտասարդ ու խոստումնալից ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանն այսօր հասցրել է սիրվել և շատերի ուշադրության կենտրոնում հայտնվել: Վերջերս նաև հայտարարեցին նրա` «Փյունիկից» մեկ այլ ակումբ տեղափոխվելու հավանականության մասին:
Ֆուտբոլով զբաղվում եք արդեն երկար տարիներ: Ինչպես միշտ նշում եք, հինգ տարեկան էիք, երբ Ձեր հայրը Ձեզ ֆուտբոլի պարապմունքների տարավ: Ինչպե՞ս որոշումը կայացվեց: Դա Ձեր ցանկությու՞նն էր:
- Ես շատ էի սիրում ֆուտբոլը, ու իմ ցանկությունը արդեն պարզ էր, որ մեծ է: Ինչ-որ բան կոնկրետ չի որոշվել, ուղղակի մի օր հայրս իր ընկերոջ հետ որոշեց տանել ինձ ֆուտբոլի պարապմունքների:
Ընտանիքում Ձեր քննադատները Ձեր հայրն ու եղբայրն են, ովքեր նշում են, որ խաղում օգտագործում եք Ձեր կարողությունների միայն 60 տոկոսը: Ինչպե՞ս եք վերաբերում քննադատություններին:
- Քննադատություններին ուշադրություն եմ դարձնում միայն այն ժամանակ, երբ մեր մարզիչն է քննադատում կամ ծնողներս: Ուրիշ ոչ մեկի քննադատությունն ինձ համար կարևոր չէ:
- 2008 թ-ից խաղում եք «Փյունիկի» կազմում: 2009 թ-ի մրցաշրջանի ավարտին արժանացել եք «Տարվա բացահայտում» և «Ամենահեռանկարային ֆուտբոլիստ» մրցանակներինԻ՞նչ են նշանակում Ձեզ համար այդ երկու մրցանակները և արդյո՞ք դրանք խթան հանդիսացան ավելի լավ աշխատելու, ավելի լավ խաղալու համար:
- 2009 թ-ը ինձ համար շատ ծանր տարի էր, որովհետև ես վնասվածքով էի խաղում և այդ կարգավիճակով մրցանակներ ձեռք բերելն ինձ համար շատ կարևոր էր: Իհարկե, ինչ-որ չափով օգնեց:
Ո՞րն է այն ֆուտբոլային ակումբը, որի կազմում միշտ ցանկացել եք խաղալ:
- Դե, մանկուց միշտ «Բարսելոնայի» մասին եմ երազել, բայց հիմա ամեն ինչին ավելի ռեալ եմ նայում: Այսինքն` չկա նման թիմ:
Ինչպես Դուք եք ասում. «Իմ թիմն իմ ընտանիքն է»: Խաղադաշտից դուրս ազգային հավաքականի տղաներից ո՞վ է Ձեր մտերիմ ընկերը:
- Լևոն Հայրապետյանը: Բայց բոլորն էլ իմ մոտ ու լավ ընկերներն են: Բոլորի հետ մեծ ճանապարհ եմ անցել: Հենրիխ Մխիթարյանի հետ եմ սկսել ֆուտբոլ խաղալ ու մինչև հիմա լավ ընկերներ ենք ու նույնը բոլորին է վերաբերում: Ոչ մեկի մեջ տարբերություն չեմ դնում:
Ասում են` պետք է գոհ լինել, բայց չբավարարվել: Հետաքրքիր է` ինչի՞ց է այսօր գոհ Դավիթ Մանոյանը և ինչի՞ց չի բավարարվում:
- Գոհ եմ, որ խաղում եմ, վնասվածք չունեմ: Չեմ բավարարվում պարապմունքներից:
Ինչպե՞ս եք վերաբերում նոր ծանոթություններին:
- Դրական: Շատ նորմալ, որովհետև այնքան տարբեր մարդիկ կան, որոնցից շատ բան կարելի է սովորել, իմանալ:
Երկրպագուները կարո՞ղ են դառնալ Ձեր ընկերները:
- Դե, եթե ընկերանում ես ոչ նրա համար, որ նա քո երկրպագուն է, այլ քեզ հետաքրքիր է այդ մարդը և կարող ես բազում նոր բաներ իմանալ իրենից, ապա` այո: Իսկ եթե ուղղակի երկրպագու է, ապա հնարավոր չէ:
Ի՞նչն եք առաջին հերթին գնահատում մարդու մեջ շփման ժամանակ:
- Այն, որ մարդն ինձ համար հետաքրքիր լինի, տարբերվի, անկեղծ լինի ու բարդույթներ չունենա:
Հիշո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած Ձեր առաջին խաղը:
- Այո՛, 2009 թ-ի փետրվարի 9-ին էր, Լատվիայի ընտրանու դեմ: Խաղը ավարտվեց 0-0 հաշվով:
Ի՞նչ հետաքրքիր հիշողություններ ունեք այդ խաղի հետ կապված:
- Հենց առաջին անգամ մարզաշապիկը հագնելս ու մտնելս խաղադաշտ երբեք չեմ մոռանա:
Բացի ֆուտբոլից ո՞րն է Ձեր սիրելի սպորտաձևը:
- ԲասկետբոլըՆույնիսկ եթե չընտրեի ֆուտբոլը, նորից կլինեի մարզիկՀայրս շատ սպորտային մարդ է և եղել է բասկետբոլիստ, նաև թենիսով է զբաղվել: Սրանցից մեկնումեկը հաստատ կընտրեի:
Գիտենք, որ շատ քիչ եք ունենում ազատ ժամանակ: Բայց, այնուամենայնիվ, երբ ազատ ժամանակ է լինում, ինչո՞վ եք գերադասում զբաղվել:
- Հանդիպում եմ ընկերներիս հետ, երաժշտություն եմ լսում, ֆիլմեր եմ դիտում, բասկետբոլ եմ խաղում, գիրք եմ կարդում:
Ո՞րն է Ձեր ամենասիրելի ֆիլմը:
- «Rocky» ֆիլմը: Հայկական ֆիլմերից սիրում եմ այն բոլոր ֆիլմերը, որտեղ կա Մհեր Մկրտչյանը, նաև սիրում եմ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմն ու «Դավիթ»-ը: Նույնիսկ մի հետաքրքիր դեպք է եղել, երբ ես, ինչպես «Դավիթ» ֆիլմի հերոսը, բաց եմ թողել մատաղի գառը, բայց նորից բռնել, ետ են բերել:
Ո՞րն է եղել Դավիթ Մանոյանի վերջին կարդացած գիրքը:
- Սխալ կլինի ասել վերջին, որովհետև դեռ չեմ վերջացրել: Մի քանի անգամ արդեն այդ նույն գիրքը կարդացել եմ: «Սասունցի Դավիթ»-ն է:
Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
- Վերադարձս մեծ ֆուտբոլ:
Կյանքում ի՞նչն եք համարում առաջնային:
- Նպատակ, երազանք ունենալը և ամեն գնով դրանց հասնելը:
Սովորել եք Վ. Մայակովսկու անվան N7 հիմնական դպրոցում, որտեղ, ինչպես պարզեցինք, Ձեզ շատ սիրում ու Ձեզնով հպարտանում են: Ո՞րն է եղել ամենասիրելի առարկան դպրոցում:
- Պատմությունը:
Ձեր պատմության ուսուցչուհի Մերի Ավետիքովնան և քիմիայի ուսուցչուհի Սուսաննա Պատվականովնան Ձեզ մաղթեցին առողջություն, հաջողություն ֆուտբոլային կարերիայում և հույս հայտեցին, որ մի օր Ձեզ կտեսնեն առաջատար ֆուտբոլային ակումբներից մեկում:
- Շատ շնորհակալ եմ իրենց: Շատ սիրում ու կարոտում եմ: Ցավում եմ, որ ժամանակս սուղ է և չեմ կարողանում գնալ այցի, բացի դա ես վնասվածք ունեի և երկար ժամանակ բուժվում էի, բայց խոստանում եմ, որ մոտ ժամանակներս սխալս կուղղեմ:
Ֆրանչեսկո Տոտտին ասել է. «Կինը ֆուտբոլո՞ւմ…. Մի տեսակ անհնարին է, ինչպես և ես»: Իսկ այսօր շատացել է ֆուտբոլի երկրպագուհիների թիվը: Ձեր կարծիքը սրա վերաբերյալ:
- Ես կարծում եմ, որ այսօր ոչ թե շատացել են ֆուտբոլ սիրող և ֆուտբոլից հասկացող երկրպագուհիների թիվը, այլ ֆուտբոլիստներ սիրող աղջիկների թիվը (ծիծաղում է): Համոզված եմ, եթե խաղին եկած աղջիկներից կեսին հարցնենք ֆուտբոլին վերաբերող հարց, չեն կարողանա պատասխանել, քանի որ գալիս են իրենց սիրելի ֆուտբոլիստի խաղը նայելու: Հիմա այդ տենդենցն է:
Ասում են իսկական ֆուտբոլը դասերի ավարտից հետո դասընկերներով խաղացածն է: Հաճա՞խ էիք խաղում դպրոցական տարիներին:
- Միշտ: Քրտնած գնում էինք դասի: Դրանք ամենահետաքրքիր տարիներն էին, երբ, երկու հատ պայուսակ կամ վերարկու դնելով որպես դարպասի սահման, խաղում էինք: 
Դեկտեմբերի 2-ին անցկացրեցիք Ձեր վերջին խաղը «Փյունիկի» կազմում: Հետաքրքիր է, որ 2008 թ-ին նույն թիմի կազմում Ձեր առաջին խաղն անցկացրել եք կրկին «Գանձասարի» հետ, իսկ հաշիվը կրկին եղել է 1-1: Ի՞նչ զգացողություններ ունեք վերջին խաղից հետո:
- Կյանքիս 17 տարին անցկացրել եմ խաղալով և մարզվելով հենց այս ակումբում: Միշտ նպատակս եղել է խաղալ առաջին թիմում: Հասա նպատակիս, երեք անգամ դարձա Հայաստանի բարձրագույն առաջնության չեմպիոն, երկու անգամ երկրի գավաթակիր և Սուպերգավաթակիր: Միայն լավ հիշողություններ ունեմ իմ հարազատ թիմից:
Հայաստանում ֆուտբոլն այնքան էլ զարգացած չէ, բայց եթե համեմատենք այլ տարիների հետ` առաջընթացն ակնհայտ է: Ըստ Ձեզ` ի՞նչն է պատճառը: Չէ՞ որ, մենք ունենք պրոֆեսիոնալ մարզիչներ և հրաշալի ֆուտբոլիստներ:
- Իմ կարծիքով, մեր ակումբները դեռ բավականին հեռու են պրոֆեսիոնալ համարվելուց, որովհետև շատ խնդիրներ ունեն Հայաստանում: Ֆինանսական մեծ խնդիր կա, այդ իսկ պատճառով ակումբային ֆուտբոլը շատ դանդաղ է զարգանում այստեղ: Ամեն ակումբ պետք է փորձի այդ հարցերը շտկել:
Ի՞նչ ակնկալիքներ ունեք Հայաստան-Չեխիա խաղից:
- Ինչպես բոլոր խաղերից, այնպես էլ այս խաղից միայն հաղթանակ: 

Հ.Գ.: Շնորհակալություն ենք հայտնում Դավիթ Մանոյանին անկեղծ հարցազրույցի համար և մաղթում նորանոր բարձունքներ այս Նոր տարում, բազում հաջող խաղեր, առանց վնասվածքների մրցաշրջաններ: Դե իսկ մեր հավաքականին` շատ հաղթանակներ:

Հարցազրույցը վարեց և պատրաստեց Քրիստինա Բոյաջյանը: